Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ում աշխատելու հնարավորություն՝ երիտասարդ մասնագետների համար

Նախապատրաստական անվճար դասընթացն ավարտվել է

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար կազմակերպված երկշաբաթյա անվճար դասընթացը մայիսի 16-ին ամփոփվել է նախնական թեստավորման փուլով: Համակարգում աշխատելուն նախապատրաստող անվճար դասընթացին հաճախել է 38 մասնակից, որոնք ստանալու են հավաստագիր: Էլեկտրոնային եղանակով անցկացվող քննությանը 80%-ից բարձր ցուցանիշ գրանցածները երկրորդ փուլում մասնակցելու են հարցազրույցի: «Գործընթացն ամբողջովին էլեկտրոնային է: Հանձաժողովն ունի զուտ դիտորդական առաքելություն. որևէ միջամտություն չի կարող լինել»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատելու առաջարկություն են ստանալու: «Անվճար դասընթաց կազմակերպելով նպատակ ունենք մոտիվացնել պոտենցիալ երիտասարդ կադրերին՝ լավագույններին ՊԵԿ համակարգում ներգրավելու համար»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, օտար լեզուների իմացությամբ երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, մայիսի 2-ից նախաձեռնել էր անվճար դասընթաց՝ հարթակ ստեղծելով բանիմաց մասնագետների բացահայտման և ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ կադրային քաղաքականության թափանցիկությունն ու ճկունությունը փաստող այս նախաձեռնությամբ նոր լիցք կհաղորդվի համակարգին՝ նպաստելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը. «Հարկային և մաքսային համակարգերում վերջին տարիներին իրականացվող կադրային բարեփոխման գործընթացը շարունակվում է նաև այժմ: Հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետությունը և արդարությունն ապահովելու համար կոմիտեի աշխատակիցների շարքերը պետք է համալրված լինեն մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային բարձր կարողություններով օժտված, բացառապես ազնիվ մոտեցումներով առաջնորդվող ծառայողներով: Սա նշանակում է, որ համակարգում սերնդափոխությունն այլընտրանք չունի»:

Share