Բաժին. Ֆինանսական

Ագրովերամշակման ոլորտի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 18.0 մլրդ դրամ

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվում է: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել 12 բանկ («ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», «Ամերիա», «Արարատ», «Արդշին», «Արմսվիս», «Ինեկո», «Կոնվերս», «Հայբիզնես», «Հայէկոնոմ», «Էվոկա», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲ–Հայաստան բանկ») և 3 վարկային կազմակերպություն («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» (նախկին՝ ՓՄՁ ներդրումներ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»):

Պիլոտային ծրագրից օգտվելու նպատակով 2017թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 25 նախնական հայտ՝ շուրջ 2 մլրդ դրամ գումարի չափով, որոնցից բանկերի կողմից հաստատվել են 20 ընկերության վարկի տրա-մադրման դիմումները՝ 1341.0 մլն դրամի չափով:

2018թ. ծրագիրը շարունակվում է առավել ընդլայնված ծավալով։ Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ։

2018թ. հունիսի 19-ի դրությամբ ծրագրից օգտվելու նպատակով 13 ընկերություն նախնական հայտ են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ընդհանուր 3060,2 մլն դրամի չափով, որոնց վերաբերյալ տրվել են դրական եզրակացություններ։

2018թ. մայիսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաստատվել են երկու հայտ՝ 489.0 մլն դրամի չափով, իսկ մյուսները գտնվում են ուսումնասիրությունների փուլում։

Share