Բաժին. Ֆինանսական

Բիզնես Արմենիա. «Նազարյան քուլինգ սիսթեմը» նոր ներդրումներով ընդլայնում է արտադրությունը

Բիզնես Արմենիայի աջակցությամբ վերջին 2 տարում «Նազարյան քուլինգ սիսթեմ» ընկերությունը շուրջ 370 000 դոլարի ներդրումներով ընդլայնում է արտադրությունը։ Բիզնես Արմենիայի թիմն այցելել է ընկերություն և քննարկել աջակցության հետագա ծրագրերը։  Սառնարանների արտադրությամբ, սպասարկմամբ, վերանորոգմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունը գործն սկսելով 10 տարի առաջ՝ ներկրումներով, ժամանակի ընթացքում դարձել է արտադրող, իսկ առաջիկայի համար արտահանման ծրագիր ունի։ «Nazaryan cooling system»-ը արդեն փորձնական խմբաքանակներ է արտահանել Վրաստան։

«Մենք սկսել ենք մեկ մասնագետով։ Հիմա 40 աշխատող ունենք: Մի շարք օտարերկրյա առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ենք, բարձրորակ մասերով սառեցնող համակարգեր ենք հավաքում։ Օտերերկրյա շուկաներ դուրս գալու քայլեր ենք անում»,- նշել է ընկերության տնօրեն Արվին Նազարյանը։

«Ընկերությունը նոր ներդրումներով պատրաստվում է ընդլայնել ձեռնարկությունը՝ տեղական շուկայի համար պաղպաղակների, զովացուցիչ ըմպելիքների համար ստենդ-սառնարաններ արտադրելու նպատակով։ Հիմա Հայաստանում օգտագործվում են դրանց ներկրված տարբերակները։ Հույս ունենք, մյուս տարվանից արդեն տեղական շուկան հայկականը կօգտագործի»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Նազարյան քուլինգ սիսթեմը» մասնակցել է ցուցահանդեսների և համաժողովների, պատվերներ ստացել, գործընկերության պայմանագրեր կնքել։ Իսկ Վրաստանից բացի, հայկական արտադրության սառեցման համակարգերը մրցունակ կլինեն նաև Ռուսաստանում»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ 

Հայաստանյան և օտարերկրյա շուրջ 200 գործընկերների համար «Նազարյան քուլինգ սիսթեմը» պատրաստել է փոքր սառնարաններից մինչև սառնարանային տնտեսություններ, կահավորել բեռնափոխադրող ավտոմեքենաներ՝ ապահովելով հետագա սպասարկումը։

Share