Ֆինանսական | 12:01 09/10/18

Մինչև տարեվերջ ՌԴ-ն Հայաստանին կշարունակի 150 դոլարով գազ մատակարարել

 ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն կքննարկվի կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում և ընդգրկված է օրակարգային հարցերի թվում:

Ըստ հիմնավորման, սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

«Սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում՝  Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության հաստատումը Հանրապետության Նախագահի կողմից»,- ասված է հիմնավորման մեջ: