Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյան․ Հնարավոր է՝ հունվարի 1-ից եկամտահարկի փոփոխություն չունենանք

Հայաստանում եկամտային հարկի, ընդհանրապես հարկային բեռի նվազեցման հետ կապված անելիքները հստակ են: Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ քաղաքական իրավիճակով պայմանավորված նոր խորհրդարան ընտրելու փուլ և դժվար կառավարությունը հասցնի այդ փոփոխություններն ուժի մեջ մտնել, Դավիթ Անանյանը նշեց, որ այո ժամկետների խնդիր կա:

«Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրեցին, որ այո, հնարավոր է, որ մենք հունվարի 1-ից եկամտահարկի փոփոխություն չունենանք, այլ ունենանք ասենք մայիսից կամ հուլիսից: Բայց, որ եկամտային հարկի, ընդհանրապես հարկային բեռի նվազեցման հետ կապված կառավարության դիրքորոշումը հստակ է, դա փաստ է, պարզապես ժամկետների խնդիր կա, կարծում եմ չենք հասցնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր է ստեղծել հարթակ, որտեղ լրագրողները, հասարակությունը կկարողանան հետևել հեղափոխությունից հետո հետ բերված միջոցներին: Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն ամեն ամիս տվյալներ ներկայացնում է:

«Պետեկամուտների կոմիտեն իրականացնում է հարկային վարչարարություն: Դրա, ինչպես նաև հարկ վճարողների կամավոր, իրենց պարտավորությունների կատարման արդյունքում հավաքագրված գումարները հանրությանը ներկայացվում են: Դրանից բացի, տարբեր առիթներով տեղեկատվություն ենք ներկայացնում նաև առանձին յուրահատուկ դեպքերով վերականգնված գումարների մասին»,-ասաց Դավիթ Անանյանը:

Share