Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Հայաստանի խոշոր հարկ վճարողները՝ 2018թ. հունվար-սեպտեմբեր

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 32.79 մլրդ դրամ՝ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 149.64%-ով կամ 19.66 մլրդ դրամով։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 30.37 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. երրորդ եռամսյակի համեմատ -1.88 մլրդ դրամ կամ -5.84%։ Եռյակը եզրափակում է Գրանդ Տոբակոն՝ 27.68 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ +5.49 մլրդ կամ +24.73%։

Չորրորդ տեղում է Ալեքս Հոլդինգ ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 13.96 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ -2.21 մլրդ դրամ կամ -13.66%։ ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն ընկերությունը 5-րդ հորիզանականում է, էներգակիրների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը բյուջե է մուծել 13.17 մլրդ դրամ հարկ, 2017թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.89 մլրդ դրամով կամ 41.84%-ով։

Վեցերորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 12.36 մլրդ դրամ՝ +2.14 մլրդ կամ +20.92%։ Յոթերորդ տեղում է Ֆիլիպ Մորիս Արմենիան՝ 10.10 մլրդ դրամ՝ +2.43 մլրդ կամ +31.65%։ Հայաստանի էլեկտրական Ցանցերն ութերորդն է՝ 9.87 մլրդ դրամ՝ -8.97 մլրդ դրամ կամ -47.63%։  «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» իններորդն է՝ 9.28 մլրդ դրամ՝ +1.34 մլրդ դրամ կամ +16.95%։ Ջեյ Թի Այ Արմենիան ընկերությունը բյուջե է վճարել 8.75 մլրդ դրամ՝ +0.86 մլրդ դրամ կամ +10.88%։

Առաջին տասնյակում տեղ գտած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, երկուական՝ էներգակիրների ներմուծման և հանքարդյունաբերության, մեկական՝ առևտրի և էներգետիկայի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 145.61 մլրդ դրամ հարկ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշից ավել է 22.74 մլրդ դրամով կամ 15.62%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 416.80 մլրդ դրամ է, ինչը 58.1 մլրդ դրամով կամ 16.20%-ով գերազանցում է 2017թ.-ի համանման ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 672.13 մլրդ դրամ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 93.1 մլրդ դրամով կամ 16.08%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 21.66 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 62 տոկոսը։

Share