Բաժին. Ֆինանսական

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 683 մլն դրամ

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրված միջոցների շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Մինչև նորոգումը 5կմ երկարությամբ այս ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր, ցանցային ճաքերն ու փոսերը կանոնավոր երթևեկության հետ անհամատեղելի էին։

Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործում՝ սառը վերամշակման եղանակով, ինչի վրա էլ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։

Իրականացվել են նաև կողնակների, իջատեղերի, մուտքերի կառուցման, ճանապարհային նշանների, արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման աշխատանքներ, կատարվել են գծանշումներ։

Ճանապարհը որակով և նախանշված ժամկետից շուտ  հիմնանորոգել են «Կամավոր» ընկերության ճանապարհաշինարարները:

Աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 15-ին և ավարտվել նոյեմբերի վերջին՝ պայմանագրով նախատեսված դեկտեմբերի 15-ի փոխարեն։

Շինարարական որոշ լուծումների արդյունքում շինարարներին հաջողվել է կատարել նաև տնտեսում. 688 մլն-ի փոխարեն ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ծախսվել է 683 մլն դրամ:

Share