Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է լավագույնը

Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծ» մրցույթում: Ամենամյա այս մրցույթին մասնակցել է ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ: Երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում:     

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում, մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին: Կենտրոնի նախագծումը և կառուցումն իրականացվել է «Սոֆթլայն» ընկերության կողմից:     

Ամերիաբանկի՝ 2017 թ-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Share