Բաժին. Ֆինանսական

ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների կողմից 2018թ.-ին մուծված հարկերը նվազել են 15.37%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2018թ. 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող խոշոր հեռահաղորդակցական ընկերությունները։ 2018թ. արդյունքում հեռահաղորդակցական ոլորտի առաջատար հարկատուն ՄՏՍ Հայաստանն է, որը տեղ է զբաղեցրել ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում։ Ընկերության կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 8.82 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է նվազում 3.32%-ով կամ 302.87 մլն դրամով։ 2017թ.-ին ՄՏՍ Հայաստանը նույնպես ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում էր։

Յուքոմը զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 21-րդ հորիզոնականը։ 2018թ.-ին ընկերությունը մուծել է 6.13 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 2.40%-ով կամ 143.89 մլն դրամով։ 2017թ.-ին Յուքոմն ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում էր։

34-րդ հորիզոնականում ՎԵՈՆ Արմենիան (Beeline) է: 2018թ.-ին ընկերությունը մուծել է 4.69 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 46.34%-ով կամ 4.05 մլրդ դրամով։ 2017թ.-ին ՎԵՈՆ Արմենիան ընդհանուր ցուցակի 14-րդ հորիզոնականում էր։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 128-րդ հորիզոնականում է։ 2018թ.-ին ընկերությունը մուծել է 1.29 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 46.66%-ով կամ 411.05 մլն դրամով։ 2017թ.-ին ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն ընդհանուր ցուցակի 163-րդ հորիզոնականում էր։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից 2018թ.-ին մուծվել է 20.93 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 3.8 մլրդ դրամով կամ 15.37%-ով։

Հեռահաղորդակցական ընկերությունների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 2.26%-ը։

Share