Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Կենտրոնական բանկը բացառիկ գործակցության պատմություն ունի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, որը զարգացման առումով Հայաստանի լավագույն միջազգային ֆինանսական կառույց գործընկերներից է:

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ ներդրումային գործունեությունը՝ ՓՄՁ թիրախային ֆինանսավորումից մինչև հայկական բանկերի բաժնետոմսերի ձեռքբերումը, ինչպես նաև ՎԶԵԲ կողմից 2014 և 2015 թթ. նախաձեռնած տեղական արժույթով բաժնետոմսերի թողարկումները, որի շարունակականությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում կարևոր քայլերից մեկն է:

ԿԲ նախագահը, կարևորելով Հայաստանում ՎԶԵԲ ներդրումների ծավալը, հույս է հայտնել, որ ապագայում դրանք կաճեն ու կներգրավեն տնտեսության առավել բազմազան ոլորտները, իսկ եվրոպական կառույցի հետ գործակցությունը կշարունակվի նույն կառուցողական ոճով:  

ՎԶԵԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ՀՀ ֆինանսական հատվածի հետ՝ առանձնահատուկ նշելով ԿԲ աջակցությունը Հայաստանում բանկի կողմից նախաձեռնած նախագծերում։ Նա հույս է հայտնել, որ իր այս այցը և հանդիպումները ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի հետ սկիզբ կդնեն համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։ Պարոն Չակրաբարտին նաև իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Share