Բաժին. Ֆինանսական

Արտակ Հանեսյան. Ուղղակի ներդրումները Հայաստանում շատ ցածր են` 10 անգամ պակաս հարևան Վրաստանից

Մարտի 19-ին, Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ միության նախագահի և Ամերիաբանկի տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի` 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ բրիֆինգը։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախորդ տարվա ընթացքում բանկային համակարգում արձանագրված տարբեր ցուցանիշների դինամիկ փոփոխությունները, ինչպես 2018թ.-ի ընթացքում, այդպես էլ դրան նախորդած տարիների կտրվածքով։ Նշվեց, որ 2018թ.-ին արտասահմանից ստացված տրանսֆերտները կազմել են 1,786 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 30 մլն դոլարով կամ 1,7%-ով։

Իսկ 2018թ.-ին արտասահմանյան փոխանցումների ծավալը կազմել է 1,188 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 199 մլն դոլարով կամ 20,1%-ով։ Ընդհանուր առմամբ, 2018թ.-ին զուտ ներհոսքի ծավալը կազմել է 597 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 170 մլն դոլարով կամ 22,2%-ով։

Արտակ Հանեսյանը նշեց, որ մեր գերխնդիրը չպետք է լինի զուտ ներհոսքի աճը, որոնք մեր հայրենակիցները ստանում են դրսում գտնվող իրենց բարեկամներից կամ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատներից։ «Անհրաժեշտ է` նվազեցնել այդ կախումը դրսից ստացվող եկամուտներից` շեշտը դնելով տնտեսության զարգացմանը և երկրի ներսում ստեղծված արժեքի վրա։ Իսկ այդ եկամուտները թող մուտք գործեն ուղղակի ներդրումների տեսքով։ Հայաստանում ուղղակի ներդրումների ծավալը, ցավոք սրտի, միջինում կազմում է 250 մլն դոլար։ Մինչդեռ, հարևան Վրաստանում տարեկան ուղղակի ներդրումները միջինում 10 անգամ ավելի շատ են։ Պետք է խթանել կապիտալի շուկայի զարգացմանը, որպեսզի դրսի ներդրողների վստահությունը դեպի Հայաստանի տնտեսությունը և շուկան գնալով ավելանա», – հավելել է Հանեսյանը։

Share