Բաժին. Ֆինանսական

2018թ․ աշխարհի 7 ամենաշահութաբեր ընկերությունները

Ցուցակի առաջատարը սաուդյան Aramco ընկերությունն է 111,1 մլրդ դոլար զուտ շահույթով։ Սա ավելին է քան Apple-ի ու Google-ի շահույթները միասին վերցրած։

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ն դարձել է 2018թ․-ի աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով վարկանշային գործակալություններին։

Moody’s-ի տվյալների համաձայն՝ 2018թ․-ին Aramco-ի զուտ շահույթը կազմել է 111,1 մլրդ դոլար։ Այս գումարը հավասար է Apple-ի, Google-ի և Exxon Mobil-ի շահույթները միասին վերցրած։ Fitch Ratings-ի գնահատմամբ՝ տարեկան շահույթը՝ մինչ տոկոսների, հարկերի և ամորտիզացիայի հաշվարկը, կազմել է 224 մլրդ դոլար։

Ըստ Moody’s-ի տվյալների՝ 2018թ․-ի ամենաշահութաբեր 7 ընկերությունները․

1. Saudi Aramco – 111,1 մլրդ դոլար

2. Apple – 59,5 մլրդ դոլար

3. Samsung – 35,1 մլրդ դոլար

4. Alphabet (Google) – 30,7 մլրդ դոլար

5. JPMorgan Chase – 30,7 մլրդ դոլար

6. Shell – 23,4 մլրդ դոլար

7. Exxon Mobil – 20,8 մլրդ դոլար

1970-ականներին ազգայնացնելուց հետո Aramco-ն չի բացահայտում ֆինանսական ցուցանիշները, սակայն վարկանշային գործակալությունները ընկերության շահույթի մասին տեղեկատվություն տրամադրել են դոլարային պարտատոմսերի թողարկման նախապատրաստման ժամանակ։ Bloomberg-ը նշում է, որ այս տեղեկատվությունը կօգնի ներդրողներին գնահատել ընկերության հնարավոր արժեքը ամենասպասված գործարքներից մեկի նախօրեին․ 2018թ․-ին Aramco-ն ծրագրում էր բորսայում ներկայանալ նախնական հրապարակային առաջարկով (IPO-Initial public offering), սակայն հետաձգեց IPO-ն 2021թ․-ի համար։

Moody’s-ը և Fitch-ը բարձր են գնահատել Aramco-ի կողմից պլանավորված դոլարային պարտատոմսերի թողարկումը՝ տալով վերջինիս իր ներդրումային մասշտաբով 5-րդ տեղը։ Bloomberg-ը կարծում է, որ այդ գնահատականը կարող էր ավելի բարձր էլ լինել, սակայն ավելի բարձր կրեդիտային վարկանշի հասնելուն ընկերությանը խանգարել է պետության կողմից խիստ հարկային ճնշումը։

Aramco-ն իր եկամուտների 50%-ը տալիս է շահութահարկի տեսքով և դրան ավելացնում է նաև լողացող սանդղակով 20% տոկոսադրույքից սկսած ռոյալթի։ Moody’s-ի գնահատմամբ՝ 2018թ․-ին ընկերության կապիտալ ծախսերը կազմել են 35,1 մլրդ դոլար, ևս 58,2 մլրդ դոլար այն վճարել է շահաբաժինների տեսքով։ Aramco-ի հաշվին 48,8 մլրդ դոլար սեփական միջոցներ կան՝ 27 մլրդ դոլար պարտքի պայմաններում։

Share