Բաժին. Ֆինանսական

Մեկնարկեց Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթը

Մայիսի 20–ին, ժամը 14:00-ից, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում 20 կրտսեր թիմերը կներկայացնեն իրենց հավելվածները ժյուրիի դատին:  

Այս տարի ավելի քան հինգ հարյուր 10-18 տարեկան աշակերտուհիներ և մենթորներ/ուսուցչուհիներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցեցին “Տեխնովացիա Հայաստան 2019” ծրագրին: Ծրագրի շրջանակներում այս տարի 51 հավելվածներ ստեղծվեցին Հայաստանի աղջիկների թիմերի կողմից: Հայաստանյան մրցույթին կմասնակցեն 49 թիմեր ինը մարզերից; 14 ժյուրիի անդամներ տեխնոլոգիական, բիզնես ընկերություններից և ուսումնական հաստատություններից կգնահատեն թիմերի աշխատանքները: Հաղթողները կորոշվեն  դեմ-առ-դեմ և  առցանց  գնահատման արդյունքում  Հայաստանյան մրցույթի արդյունքները հայտնի կդառնան հունիսի 2–ին:

Տեխնովացիա Հայաստան  մրցույթին աջակցում են Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը:

 Ավագ թիմերի մրցանակների հովանավորն է Սերվիս տիտան ընկերությունը:

Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Մայիսի 15-ին մեկնարկեց Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթը:

Այն կտևի երեք օր՝ առաջին օրը մրցեցին  15 ավագ թիմեր, Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 Մայիսի 17–ին  14 ավագ թիմերը կմրցեն  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթն է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:

12 շաբաթյա ուսուցման ընթացքում մասնակիցներին սովորեցնում են հինգ մոդուլներ` գաղափարների գեներացիա, ծրագրավորում, բիզնես, շուկայի հետազոտում և ներկայացում:

Արդյունքում թիմերը մենթորների ուղղորդմամբ, բացահայտում են,  վեր հանում որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստում բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:

Երրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է ծրագրին: Այն  Հայաստանում իրականացնում են Կրթության ազգային ինստիտուտը և Կանայք և տեղեկատվական հասարակություն հկ –ն գործընկեր և աջակից կազմակերպությունների հետ:

Share