Բաժին. Ֆինանսական

ԿԲ խորհրդի անդամը բանկերի մասնաճյուղերի նախատեսվող պետտուրքը բարձրացնելու դեպքում տեսնում է որոշների փակման ռիսկ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը բանկերի մասնաճյուղերի համար նախատեսված պետտուրքի չափից ավելի բարձրացումն ընդունելի չի համարում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկին՝ բանկերի մասնաճյուղերի համար  նախատեսվող պետտուրքը դարձնել 750 հազար դրամ:

«Պատկերացրեք բանկ, որն ունի 20-25 մասնաճյուղ, պետտուրքի բարձրացման արդյունքում իր վրա միանգամից որքան բեռ է ավելանում: Այն բանկերի բեռը, որոնք ավելի շատ մասնաճյուղեր ունեն, ավտոմատ ավելացնում ենք: Ես այստեղ վտանգներ եմ տեսնում: Մենք հասանելիության խնդիրներ կարող ենք ստեղծել մարզերում:  Բանկերն իրենց հաշվարկներն անելով կարող են հասկանալ, որ իրենց 20 մասնաճյուղն այդքան պետտուրքերով արդյունավետ չի և հրաժարվեն երկու մասնաճյուղից: Այդ դեպքում մենք ինչ ենք անելու: Ես այս ռիսկը ռեալ տեսնում եմ: Դրա համար առաջարկում  եմ բանկերի համար նախնական պայմանավորվածությունները թողնել ուժի մեջ»,-ասաց Ստեփանյանը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով նախատեսվում է բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք: Բաբկեն Թունյանն առաջարկում էր 350 հազար դրամը դարձնել 750 հազար դրամ:

Ստեփանյանը նշեց՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, ուղղակի հարկերի նվազեցումը, իրականացվում է արտահանելի հատվածի համար: «Սակայն մենք հիմա կենտրոնանում ենք միայն բանկային համակարգի վրա, բայց տնտեսությունում կան նաև բավականին շատ ոչ արտահանելի հատվածներ՝ մոլեր, սուպերմարկետներ, որոնք նույնպես տարեցտարի շահում են»,-նշեց նա:

Share