Բաժին. Ֆինանսական

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 89-րդ ժողովին:

Ժողովին քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդի մարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ:

Մասնակիցներին ներկայացվելու են Միջազգային Հաշվարկների Բանկի տարեկան հաշվետվության հիմնական դրույթները:

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ ԿԲ նախագահը հանդիպումներ է ունենալու Չինաստանի ազգային բանկի, Նիդեռլանդների կենտրոնական բանկի նախագահների հետ: Նախատեսված է նաև ԿԲ նախագահի հանդիպումը շվեցարահայ գործարար և բարերար Վարդան Սիրմաքեսի հետ, ում հետ քննարկվելու են Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

————————

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով և այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:

Share