Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2019 թ. հուլիսի 30-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2019 թ. հուլիսի 30-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հուլիսի 30-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2019 թ-ի հունիսին գրանցվել է 1.9% գնանկում, որը սպասվածից բարձր է եղել և հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների նվազման ավելի խորը սեզոնայնության դրսևորմամբ: Մասնավորապես, բանջարեղենի գները նվազել են 28.2%-ով (նպաստումը գնաճին -1.6 տոկոսային կետ), ինչին զուգահեռ նվազել են նաև ձվի, կաթնամթերքի և յուղերի գները՝ համապատասխանաբար 1.3%, 0.5% և 0.6%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին -0.06 տոկոսային կետ): Արդյունքում, հունիսին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 1.5%:

Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին և փաստեց, որ  2019 թ-ի երկրորդ եռամսյակում ևս, ինչպես և սպասվում էր, պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն: Այսպես, հունվար-հունիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, որն առավելապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի աճով, ինչին զուգահեռ պահպանվել է մասնավոր սպառման բարձր աճը: Միաժամանակ, երկրորդ եռամսյակում ներքին պահանջարկը շարունակել է զսպվել իրականացված հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով, որը որոշակիորեն կմեղմվի տարվա երկրորդ կեսին, երբ, պետբյուջեի տարեկան ծրագրի կատարման ենթադրության ներքո, առաջին կիսամյակի տնտեսումներից կկատարվեն մեծ ծավալի ծախսեր:

Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածում արձանագրված միտումները, որոնց համաձայն պահպանվում է համաշխարհային տնտեսության և պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը, ինչի ներքո հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։ Մասնավորապես, Ռուսաստանի ԿԲ-ն արդեն իջեցրել է քաղաքականության տոկոսադրույքը և հետագայում ևս, համաձայն ֆինանսական շուկաների սպասումների, ակնկալվում է քաղաքականության տոկոսադրույքի շարունակական իջեցում՝ պայմանավորված գնաճի փաստացի ցածր ցուցանիշով և առաջիկայում գնաճի դանդաղման սպասումներով: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը, ի տարբերություն նախորդ տարվա վերջին վարած տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությանը և շուկաների կողմից կարճաժամկետում դրամավարկային պայմանների սպասվող խստացմանը, այժմ հաղորդակցել է և ֆինանսական շուկաների մոտ արդեն իսկ սպասումներ է ձևավորել խթանող քաղաքականությանն անցնելու վերաբերյալ՝ պայմանավորված ինչպես գնաճի փաստացի ցածր ցուցանիշով, այնպես էլ առևտրային պատերազմների հետևանքով առկա անորոշությունների ներքո՝ պահանջարկի կրճատմամբ: Չնայած վերջին հանդիպման ժամանակ քաղաքականության տոկոսադրույքի անփոփոխ թողնելուն, ԵԿԲ-ն նույնպես հայտարարել է առաջիկայում ավելի խթանող քաղաքականությանն անցման մասին իր մտադրությունը՝ կապված վերջին տարիներին գնաճի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակի ձևավորման և երկարաժամկետ հատվածում պահպանման սպասումների հետ: Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ, երկրորդ եռամսյակում ևս ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները հիմնականում տատանվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը և հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականության ակնկալվող ընդլայնողական ազդեցությունը: Խորհուրդը նաև գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմանները անհրաժեշտ երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Խորհուրդը քննարկեց նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք այսօր դեռևս գնաճի՝ դեպի ներքև շեղման ուղղությամբ են՝ պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով և պետական բյուջեի՝ սպասվածից քիչ ընդլայնող վարքագծով: Այդ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Share