Բաժին. Ֆինանսական

Հայաստանի Ֆոնդային Բորսա. Հայաստանի արժեթղթերի շուկա՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ամփոփում

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի արժեթղթերի շուկայի միակ օպերատոր AMX Հայաստանի ֆոնդային բորսան արձանագրել է աճ գրեթե բոլոր ցուցանիշներով։

2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ կորպորատիվ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում առևտրին թույլատրված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 126 մլրդ դրամ, ապա այս տարի այն աճել է շուրջ 27%-ով՝ հասնելով 160 մլրդ դրամի։ Միաժամանակ առևտրի ծավալն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է  մոտ 41%-ով՝ հասնելով 12․5 միլիարդի։ Գործարքների քանակն ավելացել է 10․7%-ով, իսկ ցուցակված պարտատոմսերի քանակը 60-ից հասել է 72-ի՝ աճելով 20%-ով։ 

Կորպորատիվ պարտատոմսերի և պարտավորությունների հարաբերակցության արդյունքում գրանցվել է 0․28% աճ՝ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ։

Պետական պարտատոմսերն, ի տարբերություն կորպորատիվ պարտատոմսերի, ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերել։ Թողարկումների ծավալը նվազել է 5․57%-ով, սակայն փոխարենը գործարքների քանակն ավելի քան երկու անգամ մեծացել է։ Աճել է նաև պետական գանձապետական պահառուի համակարգով գործարքների քանակը, այդ թվում՝ gp.minfin.am հարթակի միջոցով։ Կարելի է փաստել, որ այժմ անհատները հակված են կատարելու առցանց առքուվաճառք՝ այսինքն անմիջականորեն, առանց միջնորդի ցանկացած պահի գնել և վաճառել պարտատոմսեր։ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նաև տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենախոշոր՝ 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տեղաբաշխման աճուրդը։

Հայաստանյան արժեթղթերի շուկայում պարտատոմսերի առավել մեծ թողարկումների ծավալով առանձնանում են AMX-ի անդամ Ամերիաբանկը՝ 38․3 մլրդ դրամ, Արմսվիսբանկը՝ 22․3 մլրդ դրամ, և Կոնվերս բանկը՝ 13․48 մլրդ դրամ։

Ռեպո գործարքների քանակն անցած տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է գրեթե 4 անգամ` 85 գործարքից հասնելով 217-ի։ Ռեպո գործարքներ կնքում են ֆինանսական կազմակերպությունները, որի ժամանակ մի կողմը պարտավորվում է վերավաճառել արժեթղթերը մյուս կողմին նախապես համաձայնեցված արժեքով և ժամանակահատվածում։

Վերջին երկու տարիների առաջին կիսամյակի համեմատության արդյունքում բաժնետոմսերի վաճառքի ծավալների էական աճ չի դիտարկվել (ընդամենը 11․61%):

Share