Բաժին. Ֆինանսական

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նախատեսվում է ետ վերադարձնել ինչպես նոր, այնպես էլ հին դեբետային մնացորդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 20-ի արտահերթ նիստում քվեարկությամբ:

Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության հնի և նորի որևէ տարանջատում չդնելով: Հին դեբետային գումարները, որոնք ետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ: Պետությունը նախատեսում է մինչ տարեվերջ վերադարձնել այդ 2571 տնտեսավարողների ԱԱՀ-ի դեբետային մնացորդները:

Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, 3 բացակա պատգամավոր նամակով իրենց կողմ դիրքորոշումն էին արտահայտել, արդյունքում՝ 92 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Share