Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյանը՝ Բյուջե 2020-ի հեղափոխական կողմերի մասին. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական է համարում 2020թ. պետական բյուջեի նախագիծը: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 15-ին՝ ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Առաջին՝ արդյոք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է: 2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը: Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%: Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ: 2020թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են ուղիղ 135.1%-ով: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս բյուջեն հեղափոխական չէ, և իրենք դեմ են քվեարկելու 2020թ. պետական բյուջեի նախագծին:

Share