Բաժին. Ֆինանսական

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

Պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում դրել է հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելու խնդիրը: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք ձևակերպել ենք, մեր կարծիքով, բարեփոխումների տեսլականը: Ասել ենք, որ հանրային ֆինանսների կառավարման համակարգի առջև տեսնում ենք հետևյալ խնդիրը` երաշխավորել, որ հանրային բարիքը բաշխվում է արդարացիորեն: Մենք կարծում ենք, որ դրանց հնարավոր է  հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը: Ջանջուղազյանը նշեց` հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը  մշտապես իրենց ուշադրության կենտրոնում գտնվող նպատակադրում է: Բարեփոխումների կարևոր նպատակներից է նաև բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանի բարձրացումը: Նախարարը մեծապես կարևոր համարեց բոլոր միջոցառումները հաշվետվողականության շրջանակում իրականացնելը:

Ջանջուղազյանի խոսքով` պետական ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության գերակայությունները ձևակերպելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով: Ջանջուղազյանը նկատեց `պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգի զարգացումների բարելավումը մշտական խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք ունեն պետական պարտք:  Ֆինանսական համակարգը բավականին համարժեքորեն արձագանքում է պետական պարտքի կարիքներին:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը։

Share