Բաժին. Ֆինանսական

Դեկտեմբերի 7-ից Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Առաջատար տեխնլոգիաների ձեռնարկությունների միությունը խորհրդանշական կերպով ամփոփեց  Շիրակի մարզի բոլոր դպրոցներում Արմաթ ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու գործընթացը։ Դեկտեմբերի 6-ին Գյումրու թիվ 19 դպրոցում տեղի ունեցավ հերթական «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը, որով ազդարարվեց 117 նոր ինժեներական լաբորատորիաների մուտքը Շիրակի մարզ, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին,  տեղադրման ամբողջ գործընթացն ավարտվեց։ Այսպիսով, Գյումրու բոլոր դպրոցներն արդեն համալրված են «Արմաթ» լաբորատորիաներով:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Շիրակի մարզի կրթության վարչության բաժնի ներկայացուցիչներ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ։

Իր խոսքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորեց դպրոցականներին ձեռքբերման առթիվ և նշեց, որ անչափ կարևորում է նմանատիպ ձեռնարկների իրականացումը․

«Մեզ համար «Արմաթ» լաբորատորիաների բացումը շատ կարևոր քայլ է, քանզի ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս մեր դպրոցականներին առաջատար ու նորարարական տեխնոլոգիաներին ծանոթանալ, հմտություններ ձեռք բերել», – նշեց մարզպետը։

Շնորհավորական խոսքով հանդես եկան  նաև «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը։

«Կա ուսումնասիրություն, որ ԱՐՄԱԹ-ի սաների շուրջ 12 տոկոսը ստարտափ հիմնադիրներ են: Կան նաև աշակերտներ, ովքեր, շնորհիվ այս խմբակում ստացած գիտելիքի, հիմնել են իրենց «բիզնես»-ը դպրոցում և հօգուտ համայնքի ծառայություն են մատուցում:  Սաները կարող են իրենց նախագծերը հետագայում էլ զարգացնել ու վաճառել», – նշեց Սոֆյա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում որպես խմբավար աշխատում են հենց տեղի մասնագետներ՝ լուծելով երիտասարդ կադրերի աշխատատեղերի խնդիրը։

Ընդհանուր առմամբ, մարզն ունի շուրջ 140 «Արմաթ» ինժեներական լաբարատորիա, որոնցից 117-ը բացվել են վերջին շրջանում: Ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչև 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա: Ըստ նախատեսվածի, ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է: Նմանատիպ դպրոցները Շիրակի մարզում 8 են:

Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ 2019 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: 2019 թվականի ավարտին բացի Շիրակի մարզից լաբորատորիաներով հագեցված կլինեն Լոռու ու Տավուշի մարզերը, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում:

Հիշեցնենք, որ Արմաթ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ ՀայԱաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են շուրջ 400 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են անվճար ինժեներական կրթություն։

Share