Բաժին. Ֆինանսական

Բիբլոս Բանկ Արմենիա. Համագործակցության համաձայնագիր` Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` ապահովագրության միջոցով նախաարտահանման և հետարտահանման ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։

Այս համագործակցությունը կառաջարկի արդյունավետ լուծումներ արտահանող ընկերություններին՝ անկախ նրանից, թե արտահանողը փոքր կազմակերպություն է, թե խոշոր ձեռնարկություն: Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն կունենա արտահանողին տրամադրել արտահանման ֆինանսավորում, որը կապահովագրվի ՀԱԱԳ-ի կողմից: Գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս միավորել ջանքերը ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման և արտադրման ծավալները մեծացնելու և համատեղ ֆինանսական ծառայություններ ներկայացնելու գործում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ասաց, – «Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել հայկական ապրանքների արտահանման ծավալները»։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը նշեց, – «Վստահ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի հետ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի մեծացնել ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»։

Ընկերությունների գործունեությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Share