Բաժին. Ֆինանսական

Կառավարությունը գյուղատնտեսական նշանակության հողամասերի արդյունավետ կառավարման օրինագիծ է ներկայացրել ԱԺ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաև անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։

Նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել և զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի և գույքի հարկերի հաշվին։

Օրենքի նախագիծը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացություն:

Share