Բաժին. Ֆինանսական

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Իրինա Սեյլանյանը

HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։ Նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը հաջորդում է Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC Խմբում:

HSBC-ին միանալով 1997թ.-ին՝ Իրինան ներկայումս զբաղեցնում է HSBC Մալթայի  ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաև HSBC Հայաստանի և HSBC ասեթ մենեջմենթ (Մալթա) խորհրդի անդամի պաշտոնները: Նախկինում նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ HSBC Խմբում, ներառյալ` HSBC գլխամասային գրասենյակի առևտրավարկային դեպարտամենտի համապատասխանության ռիսկերի ծրագրերի ղեկավարի, HSBC Հայաստանում՝  գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական շուկաներում  գործառնությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնները։

HSBC Խմբի Եվրոպայի տարածաշրջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը նշել է. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Փոլ Էդգարին Հայաստանում իրականացվող աշխատանքներում  զգալի ներդրում կատարելու  համար։ Նրա առաջնորդությամբ Բանկը ծավալել է հաջող գործունեություն` շարունակելով սպասարկել մեր հաճախորդներին և առաջ տանելով կազմակերպության առաջնահերթությունները։ Սիրով ողջունում եմ Իրինա Սեյլանյանին HSBC Հայաստան վերադառնալու կապակցությամբ։ Ունենալով ավելի քան 20 տարիների փորձ Հայաստանի և միջազգային բանկային համակարգում՝ նա հրաշալի ղեկավար է հայաստանյան բիզնեսի համար»։

Իրինա  Սեյլանյանը նշել է․ «Մեծ ոգևորությամբ եմ վերադառնում Հայաստան` Բանկի ղեկավարությունը ստանձնելու, ինչպես նաև մեր հայ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքները շարունակելու համար։ Մենք պատրաստվում ենք էլ առավել խորացնել  մեր հայաստանյան և միջազգային արհեստավարժ թիմերի միջև համագործակցությունը ի նպաստ մեր հաճախորդների բիզնես շահերի»:

Share