Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Դավիթ անանյանը հանդիպում է ունեցել պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ՝ նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։

Դավիթ Անանյանը դրական է գնահատել ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների անցյալ տարվա աշխատանքը, միևնույն ժամանակ ընդգծել, որ 2020 թվականին կոմիտեն իր գործունեությամբ ավելի բարձր նշաձող է սահմանելու։ Հանդիպման ընթացքում կարևորվել են կառուցվածքային փոփոխությունները, որոնք միտված են ՊԵԿ 2020-2024թթ․ զարգացման ու վարչարարության ռազմավարության ապահովմանն ու իրագործմանը: Կոմիտեի նախագահը ընդգծել է նաև հարկային ու մաքսային ծառայությունների կատարելագործման կարևորությունը՝ ծրագրային ցուցանիշների կատարումից մինչև երկրի տնտեսական դարպասների ապահով ու թափանցիկ գործունեություն:

«ՊԵԿ-ը տարին սկսում է հարկային ու մաքսային համակարգերի կատարելագործման և վարչարարության կազմակերպման մշակված ուղենիշերով, ստվերի դեմ պայքարի վճռականությամբ, հանրության հետ երկխոսության բարելավման, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսլականով»,- ասել է Դավիթ Անանյանը և հույս հայտնել, որ Կոմիտեի նախաձեռնած բարեփոխումները պետություն-գործարար փոխհարաբեություններում նպաստելու են նոր հնարավորությունների ստեղծմանը։

Կոմիտեի նախագահը hորդորել է զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումից՝ գիտակցելով պետության առջև ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու կարևորությունը:

Share