Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կառավարություն. ընդունվեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթ

Կառավարությունը քննարկեց և հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագիրը, որը վերաբերում է աշխատանքը կորցրած անձանց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 7-րդ միջոցառումը վերաբերում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը:

«Աջակցության տրամադրումը ենթադրում է ամսական միանվագ աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել հետևյալ անձինք՝ ում աշխատանքից ազատելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը դադարեցված չի եղել և ով ՀՀ կառավարության մարտի 26-ի որոշման միջոցառման շահառու է եղել»,- ասաց Բաթոյանը՝ հիշեցնելով, որ այս միջոցառումը վերաբերում է մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց։

Այս միջոցառման առումով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատվելու հայտի ամսաթիվը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Փաստորեն, մենք սրանով ասում ենք, որ մեր այն հայրենակիցները, ովքեր մարտի 13-ից մինչև այսօր կորցրել են աշխատանքը և այլ աշխատանք չեն գտել և մեր նախորդ ծրագրի շահառու չեն, որը վերաբերում էր անչափահաս երեխա ունենալու հանգամանքին, նրանց մենք տրամադրում ենք միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով»։ Վարչապետը հավելեց, որ նրանք այդ աջակցությունն ստանալու համար պետք է էլեկտրոնային տարբերակով դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Share