Բաժին. Ֆինանսական

Ազգային Ժողովը լիագումար նիստում կքննարկի ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը 2 դեմ և 5 կողմ ձայնով հավանության արժանացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 

Այսպիսով, ԱԺ լիագումար նիստում կքննարկի ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ընդ որում՝ վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Թեկնածուն հանձնաժողովի նիստում պատասխանեց հանձնաժողովականների հարցերին, ներկայացրեց իր տեսլականը:

Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց՝ որպես ԿԲ խորհրդի անդամ ինչ նորարարությամբ է հանդես եկել:

«ԿԲ-ը համակարգում է, ԿԲ-ը կարգավորում է, բայց ԿԲ-ը չի ղեկավարում ամբողջ ֆինանսական համակարգը: Գաղտնիք ասած չեմ լինի որ ԿԲ-ն ինստիտուցիոնալ կառույց է: Այնտեղ աշխատում է թիմ, չկա անհատի պաշտամունք, որևէ մեկը չի կարող որոշումներ կայացնել, որոնք կարող են սահմանափակել որևէ մեկի իրավունքները կամ լիազորությունները: Մենք թիմ ենք, որն ունի իր խնդիրը: Մեր հիմնական խնդիրն է, որ մեր քաղաքացին գնողունակության անկում չունենա, որ բանկային համակարգում ավանդ ներդնող քաղաքացին համոզված լինի, որ այն հետ է ստանալու իր ամբողջ տոկոսներով կամ ՀՀ քաղաքացին կարողանա մուտք գործել ֆինանսական շուկա՝ արժեթղթերի շուկա, բանկերի դոմինանտ շուկա ու ստանալ վարկեր, որոնք թույլ կտան որոշակի բիզնես գործունեություն ծավալել կամ սպառում իրականացնել՝ ի շահ ընտանիքի ու բիզնեսի: Այնպես որ, ես չէի ցանկանա իմ դերն առանձնացնել ԿԲ-ում և պատմել, թե ես ինչ եմ արել», – ասում է ԿԲ նախագահի թեկնածուն ու հավելում, որ իր գնահատմամբ՝ ԿԲ-ի աշխատակազմն ունեցել բարձր կամային հատկանիշներ, որոնց շնորհիվ կարողացել ենք ֆինանսական ճգնաժամեր հաղթահարել, որոնց չեն դիմացել մեր հարևանները:

Հ.Գ. – ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է  ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է  նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:

Share