Հանքարդյունաբերություն | 12:19 02/11/11

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների` հիմնական արտադրատեսակների թողարկման ցուցանիշները: Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, այս ընկերությունները գրանցել են գրեթե բոլոր արտադրատեսակների գծով թողարկման համախառն ծավալների աճ: Անկում է գրանցվել միայն ալյումինե գլանվածքների արտադրության ոլորտում:

Այսպես, 2011 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են 3,6%-ով և կազմել շուրջ 91730 տոննա: Այս նույն ժամանակահատվածում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 3,4%-ով և կազմել 18615 տոննա:

Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են շուրջ 10%-ով` կազմելով 6989 տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 6,5%-ով և կազմել 4098 տոննա: 

Նշենք նաև, որ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն այս ամիսների ընթացքում աճել են 17,5%-ով և կազմել 6451 տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 18,8%-ով և կազմել 11345 տոննա:

Հաշվետու ամիսների ընթացքում ալյումինե գլանվածքների արտադրությունը կրճատվել է ավելի քան 57%-ով` կազմել 10.8 տոննա: