Հանքարդյունաբերություն | 17:48 05/02/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 21.8%-ով և կազմել 155,5 հազար տոննա: Միևնույն ժամանակ, կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 13.5%-ով և հասել 10,0 հազար տոննայի:

Հաշվետու տարում ցինկի խտանյութի արտադրության ծավալն աճել է 4%-ով և կազմել 16,2 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրությունն ընդլայնվել է 12.9%-ով և կազմել 10,6 տոննա:

Այլումինի փայլաթիթեղի տարեկան արտադրության ծավալներն աճել են 3,8%-ով և կազմել 26,2 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրությունը կրճատվել է շուրջ 20%-ով և կազմել 20,8 տոննա: