ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ – ՈՍԿԻՆ ԵՎ ՊՂԻՆՁԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԹԱՆԿԱՆԱԼ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ոսկու գինը շարունակեց դրսևորել աճի միտումներ, որի արդյունքում այս թանկարժեք մետաղի գինը սահմանեց նոր պատմական ռեկորդ` հասնելով իր առավելագույն մակարդակին` 1594.10  դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Նման զարգացումը պայմանավորված էր մի շարք գործոններով. Եվրագոտու պարտքային խնդիրները, ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հետ կապված հարցերը «ստիպեցին» ներդրողներին և շուկայի մասնակիցներին մեծացնել ոսկու գնման ծավալները, ինչը և նպաստեց ոսկու գնի շարունակական բարձրացմանը: Այսպես, նախորդ մեկ շաբաթվա հինգ առևտրային օրերի արդյունքներով ոսկու գինը գրանցեց 3.2% աճ: Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումներով` ընթացիկ այս մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել: Սպասվում է, որ ոսկու գինը կհատի 1615 դոլար/ունցիա սահմանագիծը:

Ինչ վերաբերում է պղնձին, ապա նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով այս մետաղի գինը նույնպես գրանցել է աճ: Այսպես, նախորդ շաբաթվա առևտրային հինգ օրերի արդյունքներով պղնձի գինը բարձրացել է 0.4%-ով և կազմել 4,4145  դոլար մեկ ֆունտի դիմաց: Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումներով` ընթացիկ այս մեկ շաբաթվա ընթացքում պղնձի գինը «կորոշվի» ԱՄՆ-ի և Եվրոպայի մակրոտնտեսական ցուցանիշներով: Սպասվում է, որ պղնձի գինը կշարունակի աճի միտումները:

Share