«GEOPROMINING GOLD»-Ը ՍՈՏՔՈՒՄ ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Սոտք գյուղի վարչական տարածքում արդեն մի քանի օր է, ինչ GeoProMining Gold ընկերությունը սկսել է Սոտքի հանքավայրի ոսկու հանքանյութի մանրացման համար ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները: Գյուղի բնակիչներն անհանգիստ են. «Ինչպես դա կարող է անդրադառնալ մեզ վրա, մենք չգիտենք: Մեզ ոչ ոք ոչինչ չի բացատրել»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Սոտքի ավագանու ներկայացուցիչը: Ինչպես պարզվեց, ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչու նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության դիտարկմանը, ընկերության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը պատասխանեց, որ չի կարծում, որ ջարդող եւ մանրացնող սարքիհամար ինչ-որ թույլտվություն է անհրաժեշտ:

Նշենք, որ հանքանյութի մանրացումը վերամշակման գործընթացի նախնական փուլն է, որը Սեւանի ավազանում արգելվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով: Հաշվի առնելով այն, որ ամեն ամիս ընկերությունն արդյունահանում է թունավորության առաջին դասի տարրեր պարունակող 60-70 հազար տոննա հանքանյութ, ինչպես նաեւ հանքանյութը պարունակում է ռադիոակտիվ տարրեր, օրինակ` թորիում, կարելի է անմիջապես ասել, որ Սոտքի բնակիչների անհանգստությունն ունի բոլոր հիմքերը, քանի որ մանրացման արդյունքում առաջացող փոշին անմիջապես կնստի նրանց տարածքների վրա, Սոտք գետի վրա, տեղումների հետ կներթափանցի ստորգետնյա ջրերի մեջ, իսկ այնուհետեւ` Սեւանա լիճ: Զարմանալի է միայն այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սեւան» ազգային պարկը, բնապահպանական պետական տեսչությունն անհանգստության ոչ մի հիմք չեն տեսնում:

Share