Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱՐԱՐ. «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ»

Թբիլիսիում մեկնարկած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջարդած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանել է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին:  

Հարց: Հարցս ուղղված է Հայաստանի նախարարին: Պարոն նախարար, Ձեր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ. չէ՞ որ դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան: Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը:

Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը: Ադրբեջանը իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առջև:

Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առջև այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Դուք գիտեք, որ համանախագահները նաև նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ասպեկտների հետ, չի կապել նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:

Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ:

Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին։

Share