Բաժին. Պաշտոնական

Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Բարաք Օբամային

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելեց, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու դրա ոլորտների ընդլայնմանը:

Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման վստահություն հայտնեց, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների խորացման գործին:

Նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

Նախագահ Օբաման ընդգծեց նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:

Զրուցակիցները ընդգծեցին, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Share