Բաժին. Պաշտոնական

Ազգային Ժողովում քննարկվել են ծրագրային բյուջետավորմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրավերով Հայաստանում գտնվող Շվեդական խորհրդատվական ընկերության (SPCY) պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրմանն առնչվող հարցեր:

Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստանում են GIZ-ի հրավերով՝ ուսումնասիրելու համար Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը:

Ողջունելով հյուրերին՝ պարոն Մինասյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովն արդյունավետ համագործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ: Ներկայացնելով Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումները՝ նա տեղեկացրել է, որ գործընթացը Հայաստանում սկսվել է մոտ 10 տարի առաջ: Նա կարծիք է հայտնել, որ միայն կառավարության ջանքերը բավարար չեն ծրագրային բյուջետավորման հաջողված արդյունք ակնկալելու համար: Այս գործընթացում պարոն Մինասյանը կարեւորել է խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եւ ներկայացրել ծրագրային բյուջետավորման ներդրման հարցում խորհրդարանի, մասնավորապես իր ղեկավարած հանձնաժողովի ձեռնարկած քայլերն ու միջոցառումները: Հանձնաժողովի նախագահն այս հարցում կարեւորել է խորհրդարանում բյուջետային գրասենյակի հիմնումը, որը պատգամավորներին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Գագիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման գործընթացի փուլերը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակացույցը եւ ընթացակարգերը: 

Share