Բաժին. Պաշտոնական

Քննարկվել է ՏՄՊՊՀ-ի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը

Մարտի 25-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը:

Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած և ԱԺ նիստերի ընթացքին հետևող Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի համար 1 և 2 դպրոցների աշակերտներին և մանկավարժներին:

Խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հանձնաժողովի գործառույթներին, ծրագրի առաջնահերթություններին, գնագոյացման խնդիրներին, մասնավորապես առաջին կենսապահովման ապրանքների չհիմնավորված թանկացումներին, տնտեսվարող քաղաքականությանը, ոլորտում օրենսդրության զարգացմանը, մենաշնորհին, սննդամթերքի մակնշմանը, սպառողների շահերի պաշտպանության ապահովմանը:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ հանձնաժողովում հարցը մանրամասն քննարկվել է: Հանձնաժողովի՝ վերջին շրջանում կատարած աշխատանքի դրական միտումները մատնանշելով՝ նա ներկայացրել է նաև առաջարկներ ու դիտողություններ:

ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են արտահայտել քննարկվող հարցի վերաբերյալ: Խոսրով Հարությունյանը խոսել է շուկայական և ազատ մրցակցային հարաբերություններից, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներից՝ նշելով, որ այս հարցում հանձնաժողովը պետք է նոր գործիքակազմ ու համակարգային մոտեցումներ կիրառի: Նրա գնահատմամբ՝ եթե հանձնաժողովի աշխատանքն առավել համակարգված լինի, ապա արդյունքներն ավելի տեսանելի կլինեն: Հովհաննես Մարգարյանն առաջարկել է ընդլայնել հանձնաժողովի իրավասությունների շրջանակը, որը հնարավորություն կտա հանձնաժողովին մենաշնորհների դեմ պայքարում և հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցում ավելի արդյունավետ գործել:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մարտի 26-ի նիստում:

Վերջին նիստը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Share