Բաժին. Պաշտոնական

Քննարկվել են ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Կարին Ֆինկելսթոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու կորպոցիայի միջև արդյունավետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ տիկին Ֆինկելսթոնի այցը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՖ փոխնախագահին՝ կորպորոցիայի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի համար, որոնք նոր թափ են հաղորդում տնտեսության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը: Վարչապետը կարևորել է գործարար միջավայրի բարելավման, ֆինանսական հատվածին օժանադակության ծրագրերը, տեսչական բարեփոխումների իրականացումը: 

Իր հերթին, Կարին Ֆինկելսթոնը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ իրականացվող ծրագրերի կատարողականից և նշել, որ այդ առումով որևէ խնդիր գոյություն չունի: ՄԿՖ փոխնախագահը տպավորիչ է համարել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կարին Ֆինկելսթոնը նշել է, որ կորպորացիան պատրաստ է ընդլայնելու ծրագրերը գյուղատնտեսության, արդյունաբերության, ենթակառուցվածքների, նորարական տեխնոլոգիաների բնագավառներում և ՀՀ կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ հնարավոր մարտարավերներին դիմագարավելու նպատակով: Միաժամանակ, ՄԿՖ փոխնախագահն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը՝ տնտեսական կայունությունը պահպանելու և ամրապնդելու գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի և կորպորացիայի միջև համագործակցության հեռանկարներին, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: 

Հանդիպմանը վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտած Միջազգային ֆինանսական կորպորոցիայի տնօրեն Թոմաս Լյուբեքին՝ արդյունավետ համագործակցության համար և շնորհավորել ՄՖԿ-ի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Յան Վան Բիլսենին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:

Share