Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Նախագահին

Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ապրիլի 2-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Գալուստ Սահակյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ առևտրատնտեսական ոլորտում առկա ցուցանիշները չեն արտացոլում հայ-կիպրական համագործակցության իրական ներուժը: Գալուստ Սահակյանն այս առումով մեծապես կարևորել է տվյալ ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը: Որպես համագործակցության հեռանկարային և շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության և բանկային ոլորտները:

«Մենք շահագրգռված ենք խորացնել փոխգործակցությունը տվյալ ոլորտներում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին և Հայաստանին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Գալուստ Սահակյանը:

Դիմելով Կիպրոսի Հանրապետության Նախագահին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում: Նա փաստել է, որ սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:

Կիպրոսի Նախագահը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը և իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար:

Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:

Կիպրոսի Հանրապետության Նախագահն իր խոսքում նշել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին կիսում է ԼՂ հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի Հանրապետության մոտեցումը:

Share