Բաժին. Պաշտոնական

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի և Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: 

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի աշխատանքներին անձամբ մասնակցելու համար: Նա իր գոհունակությունն է հայտնել նաև խորհրդարանական երկկողմ համագործակցության զարգացման առնչությամբ և վստահեցրել, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրության համապատասխանեցման և դրան առնչվող տեղեկությունների վերլուծության հարցերով: 

Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսությանը, միասնական շուկայում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության արդյունավետությանն ու համատեղ բազմաթիվ ծրագրերին վերաբերող հարցեր: 

Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա և ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար:

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին անձամբ մասնակցելու համար: Տիկին Մատվիենկոն փաստել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ:

Տիկին Մատվիենկոն իր խոր ցավակցությունն է հայտնել Գյումրիում իրականացված սպանդի առնչությամբ և նշել, որ հանցագործներն ազգություն չունեն, իսկ ռուս զինվորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:

Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր և ձեռք բերել պայմանավորվածություններ:

Share