Բաժին. Պաշտոնական

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի մաքսային ծառայությունների ղեկավարների համաժողովին

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տեղի է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) եվրոպական տարածաշրջանի մաքսային ծառայությունների ղեկավարների հերթական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանի գլխավորությամբ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքների կատարողականի գնահատականին, սահմանների համալիր կառավարմանը, մաքսային ծառայությունների և գործարար միջավայրի միջև համագործակցության դյուրացման ուղղություններին, տարածաշրջանի ռազմավարական առաջնահերթություններին, 2015-2016 թվականներին ՀՄԿ տարբեր օղակներում եվրոպական տարածաշրջանի ներկայացվածությանն առնչվող հարցեր:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել եվրոպական տարածաշրջանի կողմից ՀՄԿ երեք դիրեկտորատների տնօրենների թեկնածուների ընտրություններ, ինչպես նաև ՀՄԿ Կարողությունների զարգացման տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի նշանակում:

Այցի շրջանակներում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով կայացել են երկկողմանի հանդիպումներ ՀՄԿ գլխավոր քարտուղարի, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք մաքսային ծառայությունների պատվիրակությունների հետ:

Share