Բաժին. Պաշտոնական

Վարչապետը ԿԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ ՀՀ Նախագահի  և կառավարության հանձնարարականներով և ծրագրերով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ:

Share