Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզիին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին և Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին Լիբանանի բարձրաստիճան մասնակցության համար և բարձր գնահատել Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ դա վկայում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, և Հայաստանը պատրաստակամ է շարունակել Լիբանանի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը: Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և առկա ներուժի լիարժեք իրացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

Իր հերթին Սեջեան Էլ Ազզին ընդգծել է, որ հայ և լիբանանցի ժողովուրդներին կապում է դարավոր պատմական բարեկամությունը, և Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու և ապագայում նման ոճրագործությունները կանխելու պայքարում: Պարոն Ազզին նշել է, որ Լիբանանը կարևորում է մեր երկրի հետ արդյունավետ փոխգործակցության խորացումը և տնտեսական կապերի ակտիվացումը: Նա նշել է, որ Լիբանանի կառավարությունը ողջունում է լիբանանցի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, և տեղեկացրել, որ իր այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում գործող լիբանանյան մի շարք ընկերությունների ղեկավարների, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մեր երկրում ծավալած գործունեության և ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության կապակցությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Share