Բաժին. Պաշտոնական

Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծը չի ընդգրկվի խորհրդարանի նստաշրջանի օրակարգում

Ազգային ժողովը մերժեց Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագիծն ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 12 պատգամավոր: Մյուս պատգամավորները քննարկմանը չմասնակցեցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա նշեց, որ ԼՂՀ-ն արդեն կայացած պետություն է, ինչը կայացած փաստ է: «Այնուամենայնիվ, խնդիրը դեռևս գտնվում է իր հասունացման փուլում, և մենք չպետք է անենք միակողմանի քայլեր, որոնք անհարմար իրավիճակի մեջ կդնեն մեզ բոլորիս, իսկ մեր գործընկեր պետություններին թույլ չեն տա բոլորին մասնակից դարձնել Արցախի անկախության ճանաչման միջազգային գործընթացին»,- նշեց Զաքարյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց, որ հանրությունը շատ լավ հասկանում է հարցի գինը: «Եթե մենք այսօր վստահ լինենք, որ մեր կողմից Արցախի անկախության ճանաչումը նպաստելու է Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, դա մեկ րոպեի խնդիր է: Եթե վստահ լինենք, որ ճանաչելով Արցախի անկախությունը, մենք չենք հրահրելու լայնամասշտաբ պատերազմ, չենք վտանգի սահմանին կանգնած զինվորի անվտանգությունը, մենք կանենք դա: Բայց նման քայլի գնալուց առաջ պետք է առաջնորդվենք «մի վնասիր» սկզբունքով: ԲՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցելու&raqu o;,- նշեց Զոհրաբյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ խմբակցությունը ևս չի մասնակցելու քվեարկությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ ՀԱԿ-ը կարող է միայն կողմ քվեարկել Արցախի անկախությունը ճանաչելու օրենքի նախագծին, սակայն միայն այն դեպքում, երբ վստահ կլինեն, որ դա ոչ թե խանգարելու է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, այլ նպաստում է դրան: «Ու քանի որ այս պահին մենք վստահ չենք, որ նման քայլով նպաստելու ենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, մենք նույնպես չենք մասնակցելու այս քվեարկությանը»,- ասաց Զուրաբյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ ԼՂ անկախության ճանաչումը ողջ հայության վաղեմի նպատակն է: «Պարզապես ես իմ գործընկերներին կհորդորեմ այս պահին ձեռնպահ մնալ նման նախաձեռնությունից: Երբ կգա պատեհ պահը, ես առավել քան համոզված եմ, որ այս խնդիրը կդրվի քննարկման: Եվ այդ ժամանակ ոչ միայն Հայաստանը, այլ ողջ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բայց պահը պատեհ չէ, և ես կհորդորեմ վտանգի տակ չդնել մեր վաղեմի նպատակը: Այդ պատճառով ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: Հավատացնում եմ՝ երբ պատեհ պահը կլինի, ընդամենը կես ժամվա խնդիր է, որ մենք Ազգային ժողովում հավաքվենք ու այս հարցին վերջնական լուծում տանք»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել էր նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

Share