Բաժին. Պաշտոնական

ՀՅԴ-ն հարկային օրենսգրքի նախագծում փոփոխությունների առաջարկների փաթեթ կներկայացնի կառավարությանը

ՀՅԴ-ն հարկային օրենսգրքի նախագծում խնդրահարույց դրույթներ է տեսնում, որոնց վերաբերյալ առաջարկների փաթեթ կներկայացնի նախագծի հեղինակներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ խմբակցության փորձագետներն այս պահին աշխատում են և առաջիկայում առաջարկների փաթեթը պատրաստ կլինի, որը կներկայացվի կառավարությանը:  «Ես կողմնակից չեմ գրչի մեկ հարվածով ողջ օրենսգիրքը ջնջելուն: Բնական է, որ հսկայական գործ է կատարվել, կան նաև այլ բաներ, որոնք, մեր կարծիքով, վնասելու են մեր տնտեսությանը: Մենք ասել ենք ու ասում ենք` որը լավն է, թող մնա, որը` ոչ, թող քննարկման առարկա դառնա: Մեր առաջարկությամբ և պահանջով էր, որ շրջանառության հարկի շեմը 58 միլիոնից դարձավ 115 միլիոն, հիմա նորից` 40 միլիոն են առաջարկում: Պետք է հասկանանք՝ ի՞նչ մեխանիզմներ կան, որոնք այստեղ թույլ կտան արդյունավետ աշխատել, խոշորներին չմասնատել, ինչ երաշխիքներ կան` աշխատավարձերի հետ կապված, եկամտահարկի հետ կապված: Մեր լրջագույն պրոբլեմներից մեկը մասնավոր հատվածում աշխատավարձերի ստվերայնությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Վարդանյանը հայտնեց նաև, որ ցանկացած առանցքային հարց, որը վերաբերում է տնտեսությանը և ներքին անվտանգությանը, քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ համակարգող խորհրդում: «Այդպիսի հարցերը մենք քննարկելու ենք համակարգող խորհրդում: Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն, բնականաբար, սա այն ֆորմատն է, որտեղ այդ հարցերը քննարկվելու են»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ քայլերի կգնա ՀՅԴ-ն, եթե իշխանություններն այդ առաջարկները չընդունե՞ն, Վարդանյանը պատասխանեց. «Մեր բարձրացրած բոլոր տրամաբանական առաջարկները իշխանությունները ընդունել են»:

Share