Բաժին. Պաշտոնական

Նախագահներ Սարգսյանը, Պուտինը և Ալիևը պայմանավորվել են շարունակել պարբերական եռակողմ բանակցությունները

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի կայքէջը, կողմերը պայմանավորվել են շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման պարբերական եռակողմ բանակցությունները:

«Նախագահները նշել են ԼՂ հիմնախնդրի շուրջ իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվել են շարունակել դրանք նույն ձևաչափով՝ ի հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ մասին մասնակցելու»,- նշվում է հայտարարությունում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են մայիսի 16-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ կարգավորման առաջընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանը: «Այս նպատակով նրանք պայմանավորվել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն են հայտնել վերջին ժամանակներում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմամբ»,- նշվում է համատեղ հայտարարությունում:

Փաստաթղթում նշվում է, որ հանգամանալից կերպով մտքեր են փոխանակվել կարգավորման առանցքային բաղադրիչների առնչությամբ: «Պետությունների ղեկավարները փաստել են մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»,- ասվում է փաստաթղթում:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ: Արծարծվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Share