Բաժին. Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել Միության շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարևորագույն որոշումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը:

Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի և վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Կանոնակարգի համաձայն նիստը վարում է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Share