Բաժին. Պաշտոնական

Էդուարդ Շարմազանով. Լապշինին Ադրբեջան արտահանձնումը կեղտոտ գործարք է

Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը «կեղտոտ գործարք» է որակում Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ երկու պետությունների միջև այդ կեղտոտ գործարքը ժողովրդավարական արժեքների, մարդու ազատ խոսքի իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է և չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից:

«Ավելին, սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ: Սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հարցին՝ որպես հայ-բելառուսական խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ, պատրաստվո՞ւմ է Բելառուս գործընկերների հետ քննարկել խնդիրը, Շարմազանովը պատասխանեց. «Գոնե այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այդ հարցը, որովհետև հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում մեր հարաբերություններից: Իսկ այն, որ մեր պատգամավոր գործընկերները կբարձրացնեն այդ հարցը տարբեր խողովակներով, մի գրամ մի կասկածեք»:

Նա հավելեց, որ Հայաստանը դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է Լապշինի արտահանձնումը կանխելու համար:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Share