Բաժին. Պաշտոնական

Արամ Անանյան. Լապշինի արտահանձնման փաստը հետ կպահի ոչ թե Արցախ, այլ Բելառուս այցելելուց

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման փաստը հետ կպահի լրագրողներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին ոչ թե Արցախ, այլ ավելի շատ Բելառուս այցելելուց: Նման տեսակետ հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ նշելով, որ Արցախ այցելած նշանավոր գործիչների, լրագրողների, քաղաքական դեմքերի թիվն աճում է: «Ես չեմ կարծում, որ բլոգերին Ադրբեջան արտահանձնումը որեւէ ազդեցություն կունենա Արցախի նկատմամբ աճող հետաքրքրության վրա, քանի որ լրատվությունը քաղաքական գործունեության տեսակ չէ, իսկ բլոգերները քաղաքական գործիչներ չեն: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանի ներկայացրածը ընդամենը ծխածածկույթն է` թաքցնելու համար իրական քաղաքական նպատակը»,-ասաց նա:

Արամ Անանյանի կարծիքով` մասնագիտական գործունեությունը չի կարող ունենալ քաղաքական որեւէ ենթատեքստ եւ քաղաքական սահմաններ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Share