Բաժին. Պաշտոնական

Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը

Հայաստանի Հանրապետության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարին՝ գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել ծրագիր սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության և սփյուռքի նախարարներին կառավարության ղեկավարը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու սփյուռքի նախարարներին էլ վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը՝ դրանք սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:

ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:

Share