Բաժին. Պաշտոնական

Արա Բաբլոյանը` ԱԺ նախագահ. կառավարությունը հրաժարական կտա

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունն ԱԺ փոխանախագահների պաշտոնում կառաջադրի Արփինե Հովհաննիսյանի և իմ թեկնածությունները: Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը»,- ասաց նա:

Շարմազանովը հայտնեց, որ մայիսի 18-ին Հանրապետական խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկվի կրճատել մշտական հանձնաժողովների թիվը՝ 12-ից դարձնելով 9:

ԱԺ փոխանախագահը նշեց, որ Հանրապետական խմբակցությունն 9 հանձնաժողովներից 6-ում իրավունք կունենա նախագահելու՝ ներկայացնելով նաև նախագահների անունները.

Ֆինսանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Գագիկ Մինասյան,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Արմեն Աշոտյան,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան,

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան,

Ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան,

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հակոբ Հակոբյան:

Շարմազանովը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական կտա, ինչից հետո ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածութունը:

Share