Պաշտոնական | 20:16 26/05/17

Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:

Այսօր տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով նիստի ավարտից հետո ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև 2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը և այլն: Ստորագրվել են նաև միջազգային համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը և տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում և մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:

Խորհրդի որոշմամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. նոյեմբերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակից պատվիրակությունների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: